ՀՀ վարչապետը ծանոթացել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրթական պայմաններին

23.06.2016, 19:32
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր:
ՀՀ վարչապետը ծանոթացել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրթական պայմաններին
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։

Ըստ հաղորդագրության, վարչապետը ծանոթացել է կրթության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին։

Շրջայցի ընթացքում ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացի, ձեռքբերումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Նա նշել է, որ կրթահամալիրը հանրակրթության ոլորտում հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համակարգի ծրագրերով կրթություն է իրականացնում ավագ, միջին, կրտսեր դպրոցներում և նախակրթարանում, ունի տարբեր ուղղություններով գիտական հետազոտություններ իրականացնող առարկայական ամբիոններ:

Կրթահամալիրի 300-ից ավելի շրջանավարտներ սովորել և սովորում են աշխարհի հեղինակավոր բուհերում, մեծ թիվ են կազմում միջազգային և հանրապետական օլիմպիադաներում մրցանակային տեղեր նվաճած սաները:

Ճեմարանը նաև Միջազգային դպրոցների «Round Square» կազմակերպության համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է:

Աշոտ Ալիխանյանը ներկայացրել է նաև կրթահամալիրի մասնաշենքերի բարեկարգման ու մարզական նոր համալիրի կառուցման աշխատանքները:

«Հովիկ Աբրահամյանը զրուցել է կրթահամալիրի ավագ դպրոցի սաների և մանկավարժների հետ, նրանց հետ քննարկել կրթության կազմակերպմանը և մասնագիտական զարգացմանը վերաբերող հարցեր»,– ասվում է հաղորդագրությունում։

Վարչապետը ողջունել է կրթահամալիրի գործունեությունը և կառավարության անունից անհրաժեշտության դեպքում ճեմարանի զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել: -0-