ՀՀ ՔԱԳՎ–ն ու «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերությունը քննարկել են համագործակցության հարցերը

18.09.2017, 12:59
ՀՀ ՔԱԳՎ–ն «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցերը:
ՀՀ ՔԱԳՎ–ն ու «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերությունը քննարկել են համագործակցության հարցերը
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԱԳՎ–ն «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցերը, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն ԱշոտՍմբատյանը և ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում հանդիպել են «Լյուֆթանզա գրուպ» ընկերության Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Շուլցի և «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով փոխնախագահ Դմիտրի Զայցևի հետ։

Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայում արձանագրած ցուցանիշները, ներկա դինամիկան և անդրադարձել է գերմանական ընկերության հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:

Դմիտրի Զայցևն իր հերթին ներկայացրել է «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, այդ թվում՝ ընկերության օտարերկրյա պետություններում գտնվող արտադրական հզորությունները:

Ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, հանդիպմանը քննարկվել են նաև նշված ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեության ծավալման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև հետագա աշխատանքների կատարման ընթացքին: –0–