ՀՀ նախագահ. սեպտեմբերի 1–ից Հայաստանը սկսում է ապրել առանձնահատուկ ռիթմով ու տեմպով

01.09.2017, 10:51
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
ՀՀ նախագահ. սեպտեմբերի 1–ից Հայաստանը սկսում է ապրել առանձնահատուկ ռիթմով ու տեմպով
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Շնորհավորելով դասախոսներին, ծնողներին, աշակերտներին և ուսանողներին` երկրի ղեկավարը նշել է, որ սեպտեմբերի 1–ից Հայաստանը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով:

«Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց և բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ»,– ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով, գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում և թե՛ ողջ հասարակության մեջ:

Загружается новость ... "Лево"

Սակայն նախագահն առանձնակի կարևորել է Հայաստանի կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և դրանց ընթացքի մասին լուրջ հասարակական քննարկումները, քանի որ ժամանակներն ու նրանց պահանջներն անընդհատ փոփոխվում են։

«Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգևորում են և հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների և համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն և իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում»,– ավելացրել է նախագահը` մաղթելով, որ բոլորը զինվեն նոր գիտելիքներով և դառնան ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»: -0-