ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի տեղակալը մեղադրվում է իր իշխանությունը չարաշահելու մեջ. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեն հեռակա վարույթ է սկսել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալի նկատմամբ՝ 2021 թ.-ի մայիսյան իրադարձությունների քննության շրջանակում: Քննչական կոմիտեի հայտարարության մեջ մեղադրյալը նույնականացվում է որպես Ա.Կ. (այդ ժամանակ այս պաշտոնը զբաղեցնում էր Արշակ Կարապետյանը. նա նշանակվել է պաշտպանության նախարար 2021 թ.-ի օգոստոսի 3-ին՝ խմբ.):
Ըստ ՔԿ-ի, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Ա.Կ.-ի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին՝ լուսաբացին, հակառակորդն օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ըստ ՔԿ հաղորդագրության, 2021 թ.-ի մայիսի 14–16-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին առաջին տեղակալ Ա.Կ.-ն, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, անհիմն հրաման է տվել զինծառայողներին լքել մարտական դիրքերը։ Արդյունքում մայիսի 16-ին հայկական ստորաբաժանումները դուրս են եկել դիրքերից, իսկ մայիսի 17-ին հակառակորդը զբաղեցրել է տարածքը՝ վերահսկողության տակ վերցնելով ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը։
Ա.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: Որոշում է կայացվել Ա.Կ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
2021 թ.-ի հուլիսի 20֊ին Արշակ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար։ Պաշտոնանկ է արվել 2021 թ.-ի նոյեմբերի 15-ին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

