ՀՀ-ում սուր շնչառական վիրուսային վարակների դեպքերի աճ կա, բուժօգնության է դիմել ավելի քան 15,000 մարդ

16.12.2025, 19:46
Հոկտեմբերի սկզբից սկսած, 15 հազարից ավելի մարդ բուժօգնության է  դիմել
ՀՀ-ում  սուր շնչառական վիրուսային վարակների դեպքերի աճ կա, բուժօգնության է դիմել ավելի քան 15,000 մարդ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎ) աճ է նկատվում։

«Շնչառական վարակների ակտիվ շրջանառությունից ի վեր, հոկտեմբերի սկզբից սկսած, 15 հազարից ավելի մարդ բուժօգնության համար դիմել է առողջության պահպանման առաջին օղակ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնել է Հովհաննիսյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Նրա խոսքով, ներկայում շրջանառվում է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։

«Հիվանդացության առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և Երևանում»,-ասել է Աիդա Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ախտանիշներին՝ Աիդա Հովհաննիսյանը նշել է, որ հիմնականում սուր շնչառական վարակների դեպքում դրանք նույնն են՝ ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, քթահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։ 

«Ասեմ, որ գրիպի դեպքում թոքաբորբ ունենալու ռիսկը բավական բարձր է։ 937 բուժառուի մոտ գրանցվել է թոքաբորբ, ու այս ցուցանիշը դրան նախորդող շաբաթվա համեմատ ավելացել է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ խոցելի խմբերի մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում»,-ասել է Աիդա Հովհաննիսյանը։ 

Մասնագետը նշել է, որ 1000-ից ավելի մարդ հիվանդանոցային բուժում է ստացել։ Նրանց 90 տոկոսը երեխաներ են։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշել է, որ սուր շնչառական վարակների կանխարգելման արդյունավետ ձևերից է պատվաստումը։

«Սեզոնին մեկնարկին, դեռ սեպտեմբերին, քառավալենտ պատվաստանյութերը հասանելի են եղել։ Պատվաստման գործընթացը հատկապես կարևորվում է ռիսկի խմբերի շրջանում՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, 65 տարեկանից բարձր անձինք, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնի շահառուները և աշխատակիցները, զինծառայողները»,-ասել է նա։

Նա հայտնել է, որ այս սեզոնին 171 հազար դեղաչափ պատվաստում է իրականացվել, նախորդ սեզոնին այս ցուցանիշը կազմել է 134 հազար։

Պատվաստվել կարելի է նաև այսօր, բոլոր պոլիկլինիկաներում պատվաստանյութը հասանելի է։ Կարող են դիմել և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ օտարերկրացիները։ Պատվաստումն անվճար է։