ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ՝ ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր՝ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։
«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Ռուս հեռուստահաղորդավար և լրագրող Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ավելի ցավոտ են, քան Վենեսուելայում տեղի ունեցածը, և որ «Հայաստանը կորցնելը հսկայական խնդիր է»։ Նա պնդել է, որ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել իր ազդեցության ոլորտի այլ տարածքներում՝ անտեսելով միջազգային իրավունքն ու միջազգային կարգը։

