ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ հարուցված գործի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։
Ըստ ՔԿ հաղորդագրության, ձեռնարկված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ կատարված հանցագործությունը և պարզվել է, որ Ս.Խ.-ն (Սամվել Խաչատրյան, արքեպիսկոպոս Արշակի աշխարհիկ անունը) նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին, միմյանց փոխլրացնելով, ակցիայի մասնակից Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ հետևյալ եղանակով. Ս.Խ.-ի ցուցումով դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է Ս.Խ.-ին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ հանդիսադիր վայրում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացնելով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
ՔԿ-ն նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին, քննչական միջնորդության հիման վրա, դատախազը քրեական գործ է հարուցել Արշակ Խաչատրյանի դեմ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Արքեպիսկոպոսն այդ օրը ձերբակալվել է, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել։
Արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը։ Նա պնդել է, որ ակնհայտ է արքեպիսկոպոսի նկատմամբ քաղաքական հետապնդումը։

