ՀՀ ՊՆ-ն Զինված ուժերի նոր համազգեստի ամբողջական գնում չի իրականացրել. Պապիկյան
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է այն տեղեկություններին, թե ՀՀ ԶՈՒ-ն կատարել է նոր համազգեստի ամբողջական գնում։
Նրա խոսքով, շատ է խոսվում նոր համազգեստի անցման մասին, այդ թվում նաև քննադատություններ են հանրային տիրույթում` ընդդիմադիր գործիչների կողմից։
«Ես բազմիցս հնչեցրել եմ, որ մենք տարեվերջին կունենանք նմուշները և ըստ էության, մենք այդ նմուշները ունեցել ենք, բայց թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ մենք կատարել ենք Զինված ուժերի նոր համազգեստի ամբողջական գնում»,-հստակեցրել է Պապիկյանը՝ հավելելով, որ Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել։
«Սա ի գիտություն նաև տեղական արտադրամասերի ընկերությունների, որոնց մոտ այս թյուր կարծիքը ստեղծվել է նաև գուցե արհեստականորեն»,-ընդգծել է նա։
Պապիկյանի խոսքով, ամերիկյան ընկերության հետ պայմանագիրը ենթադրում է, որ նրանք պետք է ներկայացնեն փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր և դետալներ, պետք է լինեն նաև որոշակի խմբաքանակ փորձանմուշներ, որոնք այս փուլում արդեն ԶՈՒ-ում անցնում են զորային փորձարկում։
«Դրանից հետո 2026 թվականի ընթացքում մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները: Բայց այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկեր, թե ինչպիսին պետք է լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է»,- ասել է Պապիկյանը:
Պաշտպանական գերատեսչության նախարարը նշել է, որ առաջիկա 1 ամսվա ընթացքում մենք կունենանք նաև ամենօրյա համազգեստի և տոնական համազգեստի նմուշները` որոշակի խմբաքանակով։
«Դա նույնպես կանցնի իր փորձարկման փուլը և 26 թ.–ին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա։
Կարծում եմ` այսքանով այս հարցի շուրջ քննարկումները և շահարկումները պիտի ավարտենք»,-եզրափակել է Պապիկյանը։

