ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնելու մասին՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: Նա նշել է, որ հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ իր և մեր ժողովրդի համար: Փաշինյանը նշել է, որ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում:
«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին: Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել»,- նշել է նախագահը։
Նա ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է։
Նրա խոսքով, Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին և իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել ևս որևէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա։
Նա ընդգծել է, որ Արցախի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։
«Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով: Որպես Հանրապետության նախագահ, ազգապահպանության կարևորագույն այս պահին համազգային միասնության ձևավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձևավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները»,- հայտնել է նախագահը:
Եռակողմ հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:
Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»:
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:
Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-