ՀՀ-ն չի ընդունում Ադրբեջանի նախապայմանը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին. Միրզոյան

15.10.2025, 11:29
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը  բացառապես ներքաղաքական օրակարգի հարց է
ՀՀ-ն չի ընդունում Ադրբեջանի նախապայմանը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ն չի ընդունում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանը: Այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հարկ եմ համարում նշել, որ, ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա, այդպիսի հարց՝ որպես փոխհամաձայնեցված օրակարգի մաս, գոյություն չունի մեր քննարկումներում։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիք հարցն է: Հայաստանը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխել իր Սահմանադրությունը: Ադրբեջանը շարունակում է այն պայման դիտարկել պայմանագրի ստորագրման համար, մենք այս նախապայմանը չենք ընդունում»,- ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Միրզոյանը:

 Ըստ Միրզոյանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելը բացառապես ներքաղաքական հարց է, որը պետք է որոշի հայ ժողովուրդը։

«Ես զարմացած եմ, որ այս հարցը մնում է օրակարգում՝ բազմաթիվ, հետևողական հավաստիացումներից հետո», - ասել է Միրզոյանը։