ՀՀ-ն բացառել է ՆԱՏՕ-ի ներկայությունը իր տարածքում՝ TRIPP-ի համատեքստում
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՆԱՏՕ-ի ներկայությունը Հայաստանում անհնար է, քանի որ Հայաստանը չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություններ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանն ունի համագործակցության որոշակի շրջանակ ՆԱՏՕ-ի հետ, որը որևէ կերպ չի ենթադրում ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Խանդանյանը։
Խանդանյանը նպատակահարմար չհամարեց Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայության մասին խոսելը։
Նա մեկնաբանել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանն այն մասին, որ Իրանը դեմ է «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը, և որ այդ նախագիծը ոչնչով չի տարբերվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ից։
Վելայաթիի խոսքով՝ միջանցքի իրականացումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ներկայության Իրանի հյուսիսում, ինչը լուրջ անվտանգության ռիսկեր կստեղծի Իրանի հյուսիսի և Ռուսաստանի հարավի համար։

