ՀՀ-ն ապահովում է Իրանի դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները․ ՆԳՆ–ից արձագանքել են դեսպանի հայտարարությանը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ–ի հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության առնչությամբ։
Նշենք, որ այսօր ՀՀ–ում Իրանի դեսպանն ասել է, որ «Թեհրանում ձևավորվում է պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»։
Այս հայտարարության կապակցությամբ ՆԳՆ–ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունը «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթների, ինչպես նաև միջազգային և երկկողմ այլ պարտավորությունների շրջանակներում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:
«Խնդրո առարկայի շուրջ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ առկա է մշտական աշխատանքային կապ: Հարկ է նաև նշել, որ Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Նշենք նաև, որ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից ընդգծում են, որ Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով։
«Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավարական պետություն, ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը», – նշվում է ՆԳՆ–ի հայտարարության մեջ։

