ՀՀ ՄԻՊ-ը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին հայ զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների մեջ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղղակիորեն մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մեջ:
«Այսօր Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Ու դեռ մի հատ էլ հայտարարվել է, թե քրեական վարույթներ են սկսել ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության»,-գրել է նա Facebook-յան իր էջում:
Թաթոյանը նաև նշել է, որ այդ դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են:
«Դրանք կատարել են Ադրբեջանի ոչ թե առանձին վերցված զինվորներ՝ իրարից անկախ, այլ այդ ամենը Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական կազմակերպված քաղաքականության անբաժան մաս է, Ադրբեջանում տարիներով կուտակված ու պետական աջակցությամբ համակարգված հայատյացության արդյունք է»,-նշել է նա:
Ավելին, ըստ ՀՀ Օմբուդսմենի, այդ դաժանությունները տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, լարվածություն առաջացնելու դիտավորությամբ ու դրանով սեփական հասարակությունում գովեստների ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար։
«Այնպես, որ պատասխանատվությունը առանձին զինվորների վրա գցելով չէ, այդ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»,- գրել է Թաթոյանը:-0-

