ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է ՔԿ՝ հոգևորականներին ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով

15.10.2025, 14:33
ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից
ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է ՔԿ՝ հոգևորականներին ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՄԻՊ-ն արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկատվությանը։

Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ:

«Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով»,-նշվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ԶԼՄ-երը հայտնել են մի շարք հոգևորականների բերման ենթարկելու մասին։

Փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ հայտնել է բերման ենթարկված հոգևորականների անունները։

«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից հայտնել են հետևյալը.

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,-նշվել է ՔԿ-ի մամուլի քարտուղար՝ Կիմա Ավդալյանի պատասխան հաղորդագրության մեջ։