ՀՀ ԿԲ․ «Նովոստի–Արմենիա»–ն մեր լավագույն մեդիագործընկերներից է

10.12.2025, 16:26
ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնը «Նովոստի-Արմենիա» գործակալությունը համարում է իր լավագույն գործընկերներից մեկն արդեն 8 տարի
ՀՀ ԿԲ․ «Նովոստի–Արմենիա»–ն մեր լավագույն մեդիագործընկերներից է

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․  ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնը «Նովոստի-Արմենիա» գործակալությունը համարում է իր լավագույն գործընկերներից մեկն արդեն 8 տարի։ Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։

Գործակալության 20-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ Մկրտչյանը նշել է, որ շատ ուրախ է գործակալության հաջողությունների համար, ուրախ է այստեղ տեսնել բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ բանկեր։

«Նրանք կարող են օգտվել «Նովոստի-Արմենիա»-ի ռեսուրսներից և էկոհամակարգից, որոնք թույլ են տալիս մեր ուղերձները ճիշտ փոխանցել քաղաքացիներին»,- ասել է Կենտրոնի ղեկավարը։

Նա կարևորել է ֆինանսական կրթվածության թեման լուսաբանող «Դրամապանակ» համատեղ նախագիծը, որը գործարկվել է 2017թ․–ին։

«Սա ֆինանսական կրթվածության նախագծերից մեկն է, որի շրջանակում «Նովոստի-Արմենիա»-ի մեր գործընկերները վերափոխում են մեր տրամադրած տեղեկատվությունը և գրում հոդվածներ այնպիսի մատչելի լեզվով, որպեսզի նորությունները դառնան ավելի հասկանալի և ընթեռնելի մեր քաղաքացիների համար։ Այս տեսանկյունից սա անգնահատելի ծառայություն է»,- ընդգծել է Մկրտչյանը և գործակալությանը մաղթել երկար տարիների բեղմնավոր աշխատանք։

«Նովոստի-Արմենիա» գործակալության մասին

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն (newsarmenia.am) աշխատում է Հայաստանի լրատվական դաշտում 2005թ․–ից և մեդիաշուկայի առաջատարներից է։

Գործակալությունը հայկական լրատվամիջոցների շրջանում ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից մեկն է, որն այսօր Facebook-ում ունի 150 հազար բաժանորդ, ինչը օրական ապահովում է ավելի քան 250 հազար դիտում։ Ակտիվորեն զարգանում են YouTube-յան ալիքները՝ Novosti-Armenia և NewsArmenia Stories, ինչպես նաև Հայաստանում գործող Տելեգրամ ալիքների խոշորագույն ցանցը։

2025 թվականին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն արժանացել է չորս հեղինակավոր մրցանակի. երկուսը՝ լավագույն Telegram ալիքների կատեգորիայում՝ «Новости-Армения» և «ЕреваныЧ», երկուսը՝ Digital Creativity (Թվային ստեղծարարություն) անվանակարգում՝ «Shortreads» և «Լավ լուրեր» («Хорошие новости») նախագծերի համար։