ՀՀ իշխանությունները պետք է հասկանան տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ռիսկը և պատրաստվեն դրան. իրանագետ

23.06.2025, 11:29
Իրանագետ Վարդան Ոսկանյանը խոսել է տարածաշրջանում  լայնածավալ պատերազմի աճող ռիսկի մասին՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին պատրաստվել դրան
ՀՀ  իշխանությունները պետք է հասկանան տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ռիսկը և պատրաստվեն դրան. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը խոսել է տարածաշրջանում լայնածավալ պատերազմի աճող ռիսկի մասին՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին պատրաստվել դրան։

«Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտին ամերիկյան հարվածի ընթացքում հասցված վնասը կարծես թե նշանակալի չէ։

Առայժմ որևէ հստակ տեղեկատվություն կամ կադրեր չկան թիրախավորված մյուս երկու օբյեկտներից՝ Նաթանզից և Սպահանից, սակայն, եթե պարզվի, որ դրանց էլ լուրջ վնաս չի հասցվել, ապա այնհայտ կդառնա, որ գործողությունը եղել է մեծապես խորհրդանշական»,-գրել է Ոսկանյանը Telegram-ի իր ալիքում։

Նա ընդգծել է, որ այս ամենը առայժմ լոկ ենթադրություններ են, ինչը չի նշանակում, որ նույնիսկ դրանց հաստատման պարագայում լայնածավալ տարածաշրջանային պատերազմի ռիսկը չեզոքացված է։ Ընդհակառակը՝ այն գրեթե ամեն օր աճ է գրանցում։

«Այս իրողությունները պետք է, ի վերջո, հասկանալ Հայաստանում և մեր պետությունը բերել համարժեք պատրաստության մակարդակի անխտիր բոլոր ոլորտներում»,-հայտարարել է իրանագետը։