ՀՀ ԳԱԱ–ն անհնար է համարում Ամուլսարի գործով եզրակացության տալ նախարարի պահանջած ժամկետում

04.09.2019, 18:37
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պարզաբանում է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարից Ամուլսարի գործով իրեն ուղարկած պաշտոնական նամակի վերաբերյալ։
ՀՀ ԳԱԱ–ն անհնար է համարում Ամուլսարի գործով եզրակացության տալ նախարարի պահանջած ժամկետում
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պարզաբանում է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարից Ամուլսարի գործով իրեն ուղարկած պաշտոնական նամակի վերաբերյալ։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից պաշտոնական նամակ ստացել է սեպտեմբերի 3-ին, որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ:

«Մինչդեռ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հայտարարության համաձայն, նախարարությունը Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք պետք է ներկայացնի սույն թվականի սեպտեմբերի 4-ին: Հայտնում ենք, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ տալ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը և խնդիրների լայն շրջանակները»,– նշվում է ԳԱԱ մամուլի հաղորդման մեջ։

Միևնույն ժամանակ ակադեմիայից տեղեկացնում են, որ ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, ի պատասխան ինստիտուտի տնօրենին ավելի վաղ՝ սույն թվականի օգոստոսի 29-ին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի (2/02.1/20160) նամակի, ուղարկել են Ամուլսարի ծրագրի առանձին խնդիրների վերաբերյալ իրենց գիտական ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ առանձին կարծիքները, եզրակացությունները:

Ընկերությունից հայտնում են, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում: -0-