ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

17.12.2025, 14:30
ՀՀ ԱԺ-ն  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․   ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։

Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2026 թվականի հունվարի 1-ից կակտիվանա ապահովագրական փաթեթը,իսկ առաջին վճարման պարտավորությունը կլինի մինչև հունվարի 20-ը:

Նախարարի խոսքով՝ նոյեմբերը կհամարվի ապահովագրավճարների հաշվարկման առաջին ամիսը, քանի որ դեկտեմբերը բացառիկ ամիս է աշխատավարձերի և պարգևավճարների լրացուցիչ հաշվարկի համար։

«Մեր նպատակն է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը 2029 թ.-ին հասանելիություն ունենա այս համակարգին և ապահովվի անհրաժեշտ առողջապահական առաջնային ծառայություններով։ Օրենքը նախատեսում է ապահովագրական համակարգի փուլային ներդրում՝ երեք տարվա ընթացքում», - ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ապահովագրությունը կֆինանսավորի առաջնային բուժօգնությունը, շտապ օգնությունը և ստացիոնար բուժումը։ «Ծառայությունների կոնկրետ ցանկը կհաստատվի կառավարության որոշմամբ», - հավելեց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ ապահովագրությունը համընդհանուր է և կներառի բոլոր ՀՀ քաղաքացիներին, սակայն այն չի ծածկի բոլորի բժշկական կարիքների ամբողջ շրջանակը։

«Այն ուղղված է հիվանդացության և մահացության հիմնական շարժիչ գործոնները հանդիսացող վիճակների և հիվանդությունների մեղմմանը, ինչպես նաև բուժման լավագույն արդյունքների ապահովմանը», - ընդգծեց Ավանեսյանը։