ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը «գրեթե անհավանական» է համարում Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիան 2026թ․–ին

20.01.2026, 14:08
2026 թվականին, մեծ հավանականությամբ, նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, նշվում է Արտաքին հետախուզության ծառայության զեկույցում
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը «գրեթե անհավանական» է համարում Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիան 2026թ․–ին

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է զեկույց՝ նշելով, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8- ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ 

Այս մասին նշված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ, որը բացառիկության իրավունքով տրամադրվել է «Արմենպրես»-ին։

Ըստ փաստաթղթի, 2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։

«Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված»,– նշվում է զեկույցում։

Առաջընթացի հնարավոր ուղղությունները

2026 թվականին, մեծ հավանականությամբ, նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում

Նշվում է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում ևս, մեծ հավանականությամբ, առաջընթաց կգրանցվի արդեն իսկ սկսված գործընթացներում, իսկ հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն տարածաշրջանային առավել ընդգրկուն տնտեսական նախագծերի ընթացքը։

Ռիսկի գործոններն ու արտաքին ազդեցությունը

Արտաքին հետախուզության ծառայությունո նաև նշում է, որ 2026 թվականին կընդլայնվեն կապակցվածության ապահովման այս գործընթացների դեմ մեր տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ավելացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից վնասակար գործողությունների ռիսկերը։

Նշվում է, որ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, կապակցվածության ծրագրերի իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետևողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը։ 

«Արևմտյան Ադրբեջանը»՝ որպես երկարաժամկետ ռիսկ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։

Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։

Ադրբեջանի քաղաքականության գնահատման առաջնահերթությունները

2026 թվականին ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։

Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը, այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։

Ռազմական ծախսերի աճ

Ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների հաշվին։