ՀՀ անձնագիրը նահանջել է 2 հորիզոնականով Henley & Partners–ի վարկանիշային աղյուսակում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական անձնագիրը Henley & Partners խորհրդատվական ընկերության 2025 թվականի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 76-րդ տեղը։
Ըստ վարկանիշային աղյուսակի՝ ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 67 երկիր։
2024 թվականի դրությամբ հայկական անձնագիրը այս վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 74-րդ տեղը (առանց վիզայի ճանապարհորդություն դեպի 68 երկիր)։
2025 թվականի անձնագրերի ինդեքսում առաջին երեք տեղերը զբաղեցնում են ասիական երկրները. առաջին տեղում է Սինգապուրը՝ 227 երկրներից 193-ը առանց վիզայի այցելելու հնարավորությամբ։ Երկրորդ տեղում է Հարավային Կորեան (190 երկիր), իսկ երրորդում՝ Ճապոնիան (189 երկիր)։ Վարկանիշի վերջին երեք երկրներն են Աֆղանստանը (24 երկիր), Սիրիան (26 երկիր) և Իրաքը (29 երկիր)։
Henley & Partners-ի անձնագրերի ինդեքսը աշխարհի բոլոր անձնագրերի ամենահեղինակավոր վարկանիշն է՝ ըստ այն երկրների քանակի, ուր դրանց տերերը կարող են ճանապարհորդել առանց վիզայի: Ինդեքսը ներառում է 199 անձնագիր և 227 երկիր` օգտատերերին տրամադրելով ամենաամբողջական և հուսալի տեղեկատվությունը իրենց հնարավորությունների և համաշխարհային շարժունակության մասին:
Անձնագրերի ինդեքսը երկրները դասակարգում է ըստ իրենց քաղաքացիների համար հասանելի առանց վիզայի ուղղությունների քանակի՝ հիմնվելով Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալների վրա։

