ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 4-ին, կեսօրից հետո հանրապետության տարածքին Սև ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հանրապետությունը ցիկլոնի ազդեցության ներքո կմնա մինչև հունիսի 9-ը ներառյալ։
«Գործնականորեն բոլոր մարզերում հունիսի 4-9–ը հատկապես երեկոյան ժամերին և գիշերն անձրևներ և ամպրոպներ են սպասվում, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան»,– ասաց նա։
Սուրենյանի խոսքով, հատկապես խիստ անկայուն դրսևորումներ կունենա Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում և Սյունիքում, որտեղ սպասվող անձրևները կլինեն բավականին ինտենսիվ և կուղեկցվեն ուժեղ ամպրոպներով։
Նա հայտնեց նաև, որ Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ու Վայոց Ձորում երեկոյան սպասվող անձրևները կլինեն համեմատաբար կարճատև և ոչ համատարած:
«Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 7-ը էական փոփոխություններ չի կրի` Երևանում գիշերը տատանվելով +13...+15, ցերեկը +26...+28 աստիճանի սահմաններում, իսկ հունիսի 8-ին հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով»,– ավելացրեց Սուրենյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում