«Հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են ընդդիմադիրների բնակարանները, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի կեցավայրը

25.06.2025, 10:28
ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց են
«Հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են ընդդիմադիրների բնակարանները, այդ թվում՝  Բագրատ Սրբազանի կեցավայրը

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են տարբեր ընդդիմադիրների տները, հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Բագրատ Սրբազանի տան դիմաց է: Իրավապահները խուզարկում են Սրբազանի կեցավայրը: Մեծ թվով ոստիկաններ են բերվել: Հայտնում է Սրբազան Պայքար Telegram-յան ալիքը։

Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում կիսվել է Civic am կայքից «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով pdf ֆայլով։

Մասնավորապես, փաստաթղթում շարադրվում են գործողություններ, որոնք ենթադրաբար պետք է հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացմանը և նոր իշխանական համակարգի փուլային անցմանը։

Փաշինյանը մեկնաբանել է իր հրապարակած հղումը՝ գրելով. «Այս գործընթացը պատմության մեջ կմտնի որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»։