Հայտնի են դարձել Ալավերդում տղամարդու սպանության հանգամանքները (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

30.11.2017, 19:12
Ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոման Պողոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հայտնի են դարձել Ալավերդում տղամարդու սպանության հանգամանքները (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոման Պողոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Առաջադրվել է մեղադրանք, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2016թ. դեկտեմբերի 28-ին Ալավերդի քաղաքի Ջրավազան 80-րդ շենքի մոտ՝ մայթեզրին, բերանքսիվայր վիճակում, հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 1982թ. ծնված Ռոման Պողոսյանի դիակը՝ բռնության հետքերով։

Загружается новость ... "Право"

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռ.Պողոսյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ:

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքից առաջ տուժողը ծանոթների հետ մասնակցել է հացկերույթի, որի ժամանակ օգտագործել են նաև ալկոհոլ։ 2016 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, տուժողի և հացկերույթի մասնակիցներից մեկի միջև առաջացել է վիճաբանություն, որը հետագայում շարունակվել է Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցում: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բութ, կոշտ առարկայով հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է»,– ասվում է հաղորդման մեջ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: