ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկը` ներառելով Flight Travel LLC հայկական ընկերությունը, որը Mahan Air իրանական ավիաընկերության երևանյան ներկայացուցիչն է։
Ինչպես հաղորդում է ՌԲԿ–ն, հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքին, Mahan Air–ի նկատմամբ արդեն կիրառվում են ամերիկյան պատժամիջոցները։ Այս ընկերությունը զբաղվում է մարդկանց տեղափոխմամբ և սպառազինության մատակարարմամբ դեպի Սիրիա, նշվում է հաղորդագրության մեջ։
«Flight Travel LLC–ն հրաժարվեց հաշվի առնել պատժամիջոցների ազդեցության ռիսկի մասին նախազգուշացումները Mahan Air–ի կողմից կոմերցիոն աջակցություն ստանալու պատճառով, և այժմ սա երրորդ ընկերությունն է, որը ներառվել է պատժամիջոցների ցանկում այն բանի համար, որ գործել է Mahan Air–ի անունից», – նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) հուլիսին պատժամիջոցների ցանկում էր ներառել Mahan Air–ի ներկայացուցչին Մալայզիայում, 2018թ.–ի սեպտեմբերին` Mahan Air–ի ներկայացուցչին Թաիլանդում։
ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում ներառված կազմակերպությունները զրկվում են ամերիկյան ֆինանսական համակարգի նկատմամբ հասանելիությունից։ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է այդ կազմակերպությունների հետ կնքել որևէ գործարք կամ մտնել որևէ գործնական հարաբերության մեջ։ Այդ կազմակերպությունների ցանկացած ունեցվածք կամ ակտիվ Միացյալ Նահանգների տարածքում պետք է սառեցվի։–0–