Հայաստանը պետք է հասնի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ նաև դրա հետևանքների վերացմանը. Մելքոնյան

18.04.2016, 15:50
Հայաստանը պետք է ձգտի ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլև` դրա հետևանքների վերացմանը:
Հայաստանը պետք է հասնի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ նաև դրա հետևանքների վերացմանը. Մելքոնյան
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է ձգտի ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլև` դրա հետևանքների վերացմանը, երկուշաբթի լրագրողներին ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Խոսքը նաև մարդկության դեմ այնպիսի հանցագործության մասին է, ինչպիսին պատրիցիդն է (զրկումը Հայրենիքից): Չէ՞ որ հայերը ոչ միայն ենթարկվել են ցեղասպանության էթնիկ տարածքում, այլ նաև զրկվել են Հայրենիքից, ինչը ցեղասպանությունից պակաս հանցագործություն չէ», - ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով, Ինստիտուտը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Հայոց ցեղասպանության թեմայով ոչ միայն պատմական, այլ նաև իրավական ուղղությամբ։

ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայոց հարցի» և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանն իր հերթին մանրամասնեց, թե Հայոց ցեղասպանության որ հետևանքների մասին է խոսքը:

«Դրանք Հայրենիքի, նյութական և մշակութային արժեքների կորուստն է, մարդկային զոհերը և հոգեբանական բարդույթներն են: Հայ ժողովուրդը աստիճանաբար հաղթահարում է զոհի բարդույթը», - ասաց Մարուկյանը:

Նա նշեց, որ պետք է նախապատրաստել փաստաթղթերի պատմաիրավական փաթեթ, որում նշված կլինեն հայ ժողովրդի իրավունքների խախտման բոլոր դեպքերը, ինչպես համայնքային, այնպես էլ` մասնավոր մակարդակում:

«Արդեն պատրաստ են նախադեպն ունեցող գիտական աշխատություններ, որոնք պարունակում են Միջազգային դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստեր և նախադրյալներ: Սակայն պետք է հիշել, որ դատարանները օբյեկտիվ չեն և քաղաքական պատվերներ են կատարում», - ասաց Մարուկյանը:

Նրա խոսքով, Հայաստանի արտգործնախարարությունը և լոբբին պետք է աշխատեն որոշակի տրամադրության ստեղծման շուրջ: «Եթե հայկական կողմի հայցը մերժվի, ապա մենք կկարողանանք նորից դիմել դատարան: Շատ կարևոր է ժամանակը ճիշտ ընտրել», - ասաց Մարուկյանը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-