ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը կնշի մի շարք մարզական միջոցառումներով, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը։
Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի ապրիլի 18–ին, այս տարի անցկացվում է «Սպորտի ժառանգություն» կարգախոսով։
Մարգարյանի խոսքով, Հայաստանում գրանցվել են բազմաթիվ հուշարձաններ, որոնք կարելի է դասել մարզական ժառանգությանը, այդ թվում` հատուկ պահպանվողների ցուցակում ընդգրկված «Դինամո» մարզադաշտը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։
Սակայն, ինչպես նշեց Մշակույթի նախարարության ներկայացուցիչը, մարզական ժառանգությունը ներառում է, այդ թվում, ոչ նյութական արժեքներ, օրինակ, հայկական ազգային ռազմամարզական խաղեր, որոնք հնուց մարզաձևեր են համարվել։
«Այսօր մենք որոշեցինք հիշել մեր հին մարզական ավանդույթները, ազգային խաղերը և ժամանցը, չէ՞ որ հայերենում «սպորտ» բառն օգտագործվում է, այդ թվում, խաղերի և ժամանցի համար»,– ասաց Մարգարյանը։
Ըստ նրա, այս առիթով երկրում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես, Երևանում կներկայացվի հուշարձանների տեղեկատվական տեղեկատու, հայկական սպորտին և Միջին Արևելքում առյուծների և ցլերի որսին նվիրված ցուցահանդեսներ, հուշարձանի հետ լավագույն «սելֆիի» մրցույթ, սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, իսկ մարզերում զանազան մարզական առաջնություններ են ծրագրված։
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդում Հայաստանի ազգային կոմիտեի ղեկավար Գագիկ Գյուրջյանն իր հերթին նշեց, որ մարզական տարրերը միշտ առկա են եղել հայկական ժառանգությունում, օրինակ, հայկական հնագույն ժայռապատկերների վրա։
«Այդ օրն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն մարզական շինություններին, այլ նաև ոչ նյութական ժառանգությանը, այդ թվում` հայկական ավանդական մարզախաղերին»,– ասաց Գյուրջյանը։
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդում Հայաստանի ազգային կոմիտեի (ICOMOS) առաջարկով, 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ–ն ապրիլի 18–ը նշում է որպես Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օր, ինչը թույլ է տալիս հասարակայնությանն ավելի մեծ տեղեկություն ստանալ համաշխարհային ժառանգության բազմազանության մասին, ուշադրություն գրավել դրա պաշտպանությանն ու պահպանությանը։
Հայաստանում ավանդաբար բազմաթիվ տոնախմբությունների ժամանակ խաղեր և մարզական մրցումներ են կազմակերպվել` ըմբշամարտ, բռունցքներով մարտեր, խոտի հոկեյ, վազք, ձիավարություն և այլ մարզաձևեր, ինչը նաև արձագանք է ստացել նյութական և ոչ նյութական ժառանգությունում (հուշարձան, նկարներ, մանրանկարներ և այլն)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում