Հայաստանը վարչապետ է ընտրում

01.05.2018, 10:07
Մայիսի 1–ին Հայաստանում վարչապետի ընտրություններ են։
Հայաստանը վարչապետ է ընտրում
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Հայաստանի օրենսդրության համաձայն, մեկ շաբաթվա ընթացքում խմբակցությունները պետք է ներկայացնեն նոր թեկնածուին և անցկացնեն վարչապետի ընտրություններ: Որպես այդ պաշտոնի թեկնածու հայկական ընդդիմությունն ապրիլի 25-ի հանրահավաքում առաջադրեց «Ելք» խմբակցության ղեկավար և բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է, թե ինչպես է դա կատարվելու և ինչ ժամկետներում:

Վարչապետի թեկնածուներին ներկայացնում են խորհրդարանական խմբակցությունները, իսկ կընտրվի այն թեկնածուն, ով կհավաքի բոլոր պատգամավորների ձայների կեսից ավելին: Վարչապետի ընտրություններն անցկացվում են անվանական քվեարկությամբ:

Հաշվի առնելով, որ վեցերորդ գումարման խորհրդարանում 105 պատգամավոր է, վարչապետի թեկնածուն անհրաժեշտ է հավաքել առնվազն 53 ձայն: Այսօրվա դրությամբ հայկական խորհրդարանում ուժերի դասավորությունը հետևյալն է` ամենամեծաթիվ խմբակցությունը` ՀՀԿ-ն, ունի 58 մանդատ, մեծությամբ երկրորդ խմբակցությունը` «Ծառուկյան» դաշինքն ունի 31 մանդատ: Մյուս երկու խմբակցություններն են` «Ելք» դաշինքն 9 պատգամավորներով և ՀՅԴ-ն, որն ունի 7 պատգամավոր:

Загружается новость ... "Лево"

Եթե երեք խմբակցություններ` «Ելք»-ը, «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն առաջադրեն միասնական թեկնածուի, ապա նա կստանա 47 ձայն, և այդ ժամանակ վարչապետ դառնալու համար նրան պետք կլինի հանրապետականների գոնե վեց ձայն:

Եթե առաջին փորձից պատգամավորներին չհաջողվի քվեարկել միասնական թեկնածուի օգտին, ապա յոթերորդ օրը կանցկացվի նոր քվեարկություն նոր թեկնածուներով, բայց այս անգամ ընտրության կներկայացվեն թեկնածուներ, ում կառաջադրի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:

Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ապա Ազգային ժողովը լուծարվում է: Իսկ պատգամավորների ընտրած վարչապետին նշանակում է նախագահը:

Նշանակումից հետո վարչապետը տասնհինգ օրվա ընթացքում պետք է ձևավորի նոր կառավարություն, իսկ հնգօրյա ժամկետում նախագահին ներկայացնի փոխվարչապետների և նախարարների թեկնածություններ:

Նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներ և նախարարներ, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Վերջինս դիտարկում է դիմումը և հնգօրյա ժամկետում որոշում է կայացնում:

Եթե նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները երեք օրվա ընթավքում, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Կառավարության ձևավորումից հետո վարչապետը քսանօրյա ժամկետում Ազգային ժողովին է ներկայացնում կառավարության ծրագիր, որը պետք է հավանության արժանանա պատգամավորների մեծամասնության կողմից յոթօրյա ժամկետում: Եթե խորհրդարանը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա այն լուծարվում է: Եթե ԱԺ-ն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա խորհրդարանը լուծարվում է իրավունքի ուժով:

Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակում սահմանում է կառավարության հիմնական ուղղությունները, ղեկավարում է դրա գործունեությունը և համակարգում դրա անդամների աշխատանքը:

Վարչապետը կառավարության անդամներին կարող է հանձնարարություններ տալ կոնկրետ հարցերով: Նա գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Փոխվարչապետները վարչապետի հանձնարարականով իրականացնում են կառավարության առանձին ոլորտների համակարգումը: Փոխվարչապետներից մեկը վարչապետի կողմից սահմանված կարգով փոխարինում է վարչապետին իր բացակայության ժամանակ: -0-