Հայաստանում քիչ են ամուսնանում, քիչ էլ ամուսնալուծվում են

01.02.2017, 16:47
Պաշտոնական վիճակագրական տվյալներով, 2016 թվականին Հայաստանում նվազել է և ամուսնությունների, և ամուսնալուծությունների թիվը:
Հայաստանում քիչ են ամուսնանում, քիչ էլ ամուսնալուծվում են
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական վիճակագրական տվյալներով, 2016 թվականին Հայաստանում նվազել է և ամուսնությունների, և ամուսնալուծությունների թիվը, չորեքշաբթի կրագրողներին ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«2016 թվականին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 16 հազար 294, ինչը ցածր է 2015 թ.-ի ցուցանիշից 1 հազար 309-ով», - հայտարարեց Կույումջյանը:

Նրա խոսքով, հաշվետու ժամանակահատվածում 0,6 տոկոսով նվազել է ամուսնալուծությունների թիվը` կազմելով 3 հազար 648: Ընդ որում, նա ընդգծեց, որ ամուսնալուծությունների գրանցման հանրապետական միջին ցուցանիշը մնացել է անփոփոխ` 1,2 պրոմիլե:

«2016 թ.-ին 1000 գրանցված ամուսնություններին բաժին է ընկնում 224 ամուսնալուծություն, իսկ 2015 թ.-ին` 208 դեպք, այդ իսկ պատճառով ամուսնությունների թվի հետ համեմատ ամուսնալուծությունների թիվը ավելացել է», - ասաց Կույումջյանը:

Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2011 թ.-ի մարդահամարի հիման վրա, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 986,5 հազար, ինչը 2016 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ նվազել է 12,1 հազարով կամ 0,4 տոկոսով, ինչը պայմանավորված է եղել բացասական միգրացիոն սալդոյով։–0–