Հայաստանում նոր հատուկ պահպանվող տարածք կհիմնվի

11.09.2017, 20:44
Հայաստանում նոր հատուկ պահպանվող գոտի կստեղծվի։
Հայաստանում նոր հատուկ պահպանվող տարածք կհիմնվի
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոր հատուկ պահպանվող գոտի կստեղծվի։

Մի քանի տարի առաջ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետին` ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի այգին դենդրոպարկ հռչակելու առաջարկով, հայտնում է Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը համապատասխան հանձնարարական էր ուղղել ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Հանձնարարականի կատարման նպատակով գերատեսչությունում ստեղծել էր աշխատանքային խումբ, սակայն մի շարք պատճառներով այն ժամանակ խնդիրը լուծում չէր ստացել։

Տեղեկանալով այս մասին՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարել է ստեղծել նոր աշխատանքային խումբ՝ հարցին ընթացք տալու համար։

Загружается новость ... "Право"

Աշխատանքային խումբն արդեն հանդիպել է Բյուրականի աստղադիտարանի տնօրինության հետ, որի ժամանակ նախնական քննարկվել են շուրջ 38 հա տարածքի վրա բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման հետ կապված հարցերը։

Կողմերն առաջիկայում մտադիր են ստորագրել համագործակցության հուշագիր և ձեռնամուխ լինել բնության հատուկ պահպանվող տարածքի հիմնադրմանը։

2017 թվականի սկզբի դրությամբ Հայաստանում կա 34 հատուկ պահպանվող տարածքներ, այդ թվում` ազգային պարկեր, արգելոցներ, արգելա–որսորդական տնտեսություններ։ Դրանց ընդհանուր մակերեսը կազմում է 383 հազար հեկտար։ -0-