Հայաստանում Mars կոնֆետներում պլաստիկ չի հայտնաբերվել, մատակարարումները վերահսկվում են

24.02.2016, 14:49
Հայկական շուկայում Mars կոնֆետներում պլաստիկ չի հայտնաբերվել:
 Հայաստանում Mars կոնֆետներում պլաստիկ չի հայտնաբերվել, մատակարարումները վերահսկվում են
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական շուկայում Mars կոնֆետներում պլաստիկ չի հայտնաբերվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։

Mars ամերիկյան կոնցեռնը Գերմանիայում վաճառքից հետ է կանչում «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ», ինչպես նաև Celebrations կոնֆետները դրանցից մեկում պլաստիկի մասնիկներ հայտնաբերելու պատճառով։ Առգրավման է ենթակա վերջին չորս շաբաթների ընթացքում Գերմանիա մատակարարած արտադրանքը։ Խոտան ապրանքի ժամկետայնությունը տատանվում է 2016 թվականի հունիսի 19–ից մինչև 2017 թվականի հունվարի 8–ը։

«Այդ կոնֆետները Հայաստան են մատակարարվում Ռուսաստանից, որն ընդգրկված չէ այն 55 երկրների ցուցակում, որտեղ տարածված էր տվյալ արտադրանքը։ Նախօրեին Ռոսպոտրեբնադզորը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ ՌԴ–ն և ԵՏՄ երկրները ռիսկի գոտում չեն»,– ավելացրեց Առաքելյանը։

Նա ընդգծեց, որ, չնայած սպառնալիքի բացակայությանը, Պետտեսչությունը կշարունակի վերահսկողություն իրականացնել սահմանում։

Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, Ռուսաստան են մատակարարվել «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ» կոնֆետներ 2016 թվականի հունիսի 19–ից մինչև 2017 թվականի հունվարի 8–ը պիտանելիության ժամկետով, որոնց մասին էլ խոսք է գնում։

Ինչպես հայտնել է ՏԱՍՍ–ը, հղում անելով Mars–ի հայտարարությանը, ընկերությունը հետ է կանչում նաև իր արտադրանքը Ֆրանսիայից։ Ավելի վաղ` փետրվարի 23–ին, կոնցեռնը դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Իտալիայում և Իսպանիայում։ -0-