ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստան ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15–ը, armtimes.com–ին ասել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա հաղորդմամբ, դեկտեմբերի 15–ի ցերեկը ցիկլոնն արդեն կկորցնի իր ուժը, բայց ձյան տեսքով տեղումները կշարունակվեն։
«Ճիշտ է՝ ձյան տեղումները ցերեկը կշարունակվեն, բայց ինտենսիվությունը զգալի կնվազի: Այսինքն՝ ինտենսիվ ձյուն կտեղա այսօր ամբողջ օրվա ընթացքում եւ առաջիկա գիշերը՝ մինչ առավոտ»,- մեր զրույցում ասաց Սուրենյանը»,– հայտնել է նա։
Օդերևութաբանն ասել է, որ դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին և 17-ին ցիկլոնի ուժը կթուլանա, որի հետևանքով ամպամածությունը կպահպանվի, բայց ձյան տեղումները կլինեն շատ թույլ և դադարներով:
Սուրենյանն ընդգծել է, որ ջերմաստիճանի նվազումը շարունակվում է, ինչը ճանապարհների իմաստով որոշ վտանգներ է պարունակում.
«Ամենակարևորը, որ ուզում եմ նշել. քանի որ այսօր երեկոյան ժամերից Երեւանում օդի ջերմաստիճանը դառնալու է բացասական և գիշերը նվազելու է՝ հասնելով -4...-6աստիճանի, դրան զուգահեռ ձյուն է տեղալու, ուստի ճանապարհները պատվելու են մերկասառույցով»,– ասել է մասնագետը։
Օդերութաբանն ավելացրել է նաև, որ ջերմաստիճանը Երևանում չորեքշաբթի գիշերը կլինի -4...-6, ուրբաթ` դեկտեմբերի 15–ի ցերեկը` 0...-2: Դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել, և արդեն 17-ին գիշերը կհասնի -10 աստիճանի, ցերեկը՝ -3 աստիճանի:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում