Հայաստանում կստեղծվի արտակարգ իրավիճակների միասնական արձագանքման համակարգ՝ 112 հեռախոսահամարով

11.12.2025, 13:51
Առաջարկվում է ՆԳՆ-ում  ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ՝ ճգնաժամային իրավիճակների արդյունավետ կառավարման նպատակով
Հայաստանում  կստեղծվի արտակարգ իրավիճակների միասնական արձագանքման համակարգ՝ 112 հեռախոսահամարով

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․    Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների միասնական արձագանքման համակարգ՝ 112 հեռախոսահամարով։

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել օրենսդրական փաթեթին, որով Հայաստանում նախատեսվում է ներդնել արտակարգ իրավիճակների միասնական արձագանքման համակարգ՝ 112 միասնական հեռախոսահամարով։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է «Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու նախագիծը՝ ընդգծելով դրա կարևորությունը քաղաքացիների անվտանգության և արձագանքման արդյունավետության բարձրացման համար։

Մկրտչյանի խոսքով, ներկայումս գործող 102 (Ոստիկանություն), 911 և 101 (Փրկարար ծառայություն) հեռախոսահամարները բարդացնում են քաղաքացիների կողմնորոշումը՝ հատկապես սթրեսային իրավիճակներում։

«911, 102, 101 հեռախոսահամարները կշարունակեն գործել։ Դրանցով ստացված զանգերը ավտոմատ կտեղափոխվեն 112։ Սահուն անցման համար կիրականացվեն համապատասխան իրազեկման արշավներ»,-ասել է Մկրտչյանը։

Նա նաև ներկայացրել է  ՆԳՆ-ում օպերատիվ կառավարման գրասենյակ ստեղծելու առաջարկը, որի հիմնական գործառույթները կլինեն օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում՝ ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակով ստացված տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը։

«Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծմամբ պայմանավորված՝ առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման և ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը՝ դրանց տեխնիկական համակարգերն ամբողջ ծավալով փոխանցելով նոր գրասենյակին»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալը: