Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը (ՖՈՏՈ)

21.01.2026, 11:07
ՀՀ–ում կառուցվող տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանն օրական կարտադրի շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ. ՖՈՏՈ
Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում կառուցվում է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։

Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, ներկայումս ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։ 

Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25 հա։ Այն հագեցած է հիմնականում գերմանական և դանիական առաջատար ընկերություններից ներմուծված ժամանակակից սարքավորումներով։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։ 

Նախատեսվում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի՝ շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ, ինչպես նաև հայկական չրեր՝ պատված բարձրորակ շոկոլադով։

«Վելլար գրուպ»-ն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից։

«Վելլար գրուպ»-ը շվեդական ծագմամբ GNG միջազգային բիզնես խմբի ընկերություններից է։