ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գիշերօթիկները փակելու կառավարության կուրսը հղի է երեխաների իրավունքների լուրջ խախտումներով, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հանրապետական մանկավարժա-հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը:
«Գիշերօթիկների փակումը և դրանց սաների հանձնումն ընտանիքների լրիվ խնամակալությանը պետք է փուլային անցկացվի: Եթե գործընթացն անհապաղ լինի, երեխաները կարող են հայտնվել սոցիալական ծանր պայմաններում, ինչը նաև կազդի նրանց հոգեկան վիճակի վրա: Առաջարկվող մոնիթորինգը չի կարող երաշխավորել անվտանգություն և խնամք այն ընտանիքներում, որտեղ կան նաև սոցիալական և այլ խնդիրներ»,- ասաց նա:
Նրա խոսքով, թեև երեխայի` ընտանիք ունենալու իրավունքներն ամրագրված են Սահմանադրությամբ, չկան երաշխիքներ, որ ընտանիքում նա կարող է ստանալ պատշաճ խնամք, իսկ նրան փոխանցված գումարը` ծախսվի ըստ նշանակության:
«Եթե գիշերօթիկ դպրոցներում պարապմունքներից հետո երեխան խնամակալության ներքո է, ապա դրանց վերացման դեպքում նա կարող է հայտնվել փողոցում կամ այնպիսի պայմաններում, որոնք կվնասեն նրա հոգեկան վիճակին: Հատկապես ծանր կլինի ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաների համար, եթե նրանց չեն ընդունում հարազատ ընտանիքում»,- ասաց Դավթյանը:
Փորձագետի կարծիքով, ընտանիքում առկա բարդությունները կարող են հանգեցնել թափառականության, ինչպես նաև մանկական հանցավորության աճի:
Կենտրոնի տնօրենն անհրաժեշտ անվանեց հատուկ գիշերօթիկների պահպանումն այն երեխաների համար, որոնց կեցությունը հարազատ ընտանիքներում առհասարակ անհնար է: Նրա խոսքով, պետությունը պետք է մշակի գիշերօթիկների ընդունման նոր չափանիշներ` ելնելով երեխաների իրավունքների պաշտպանությունից, հատկապես` նրանց անվտանգության երաշխիքներից, կրթություն ստանալուց և խնամքից: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում