Հայաստանում ձնաբքի հետևանքով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

01.02.2020, 10:29
Հայաստանում ձնաբքի հետևանքով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հայաստանում ձնաբքի հետևանքով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ–ը։

Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն :

 Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է և մառախուղ):

Ծառայության հաղորդմամբ, դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները: Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։–0–