Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագիր
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները մուտք են գործում ռազմավարական գործընկերության փուլ, ինչն արձանագրվեց երկու երկրների միջև Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության, մեզ միավորող արժեքների, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության վերաբերյալ ընդհանուր պարտավորությունների վրա», - ասել է նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Փաշինյանի խոսքով՝ կանցլերի հետ հանդիպմանը նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և բնապահպանական ոլորտներում, վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետևողական ամրապնդումն ու խորացումը։

