Հայաստանն ու Վիետնամը քննարկում են ուղիղ չվերթերի կազմակերպումը

12.08.2024, 14:09
Հայաստանն ու Վիետնամը քննարկում են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի կազմակերպման հարցը
Հայաստանն ու Վիետնամը քննարկում են ուղիղ չվերթերի կազմակերպումը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 12-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպեց Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Շոնի հետ, հաղորդում է ՀՀ դեսպանությունը Վիետնամում։ 

Զրուցակիցները քննարկեցին տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում փոխհարաբերությունների օրակարգի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: 

Ընդգծվեց քաղաքական բարձր մակարդակի փոխայցերի նշանակությունը՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման տեսանկյունից: 

Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ դեսպան Բաղդասարյանը կարևորեց Վիետնամի հետ կապերի ամրապնդումը միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման, զբոսաշրջության խթանման, Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթերի կազմակերպան և այլ հարցեր: