Հայաստանին Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանին Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Շուրջ 17 օր է՝ հանրապետությունում գրեթե տեղումներ չեն եղել։ Նոյեմբերի 15–16–ին և նոյեմբերի 16–ի լույս 17–ի գիշերը մեր երկիրը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած, բայց թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որը իր հետ հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում կբերի կարճատև անձրևներ» – նշել է Սուրենյանը։
Նրա խոսքով, նոյեմբերի 17–ի ցերեկային ժամերից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, և դրան հաջորդող օրերին կրկին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի ջերմ և առանց տեղումների եղանակ։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15–16–ին ցերեկային ժամերին, ամպամածության ծածկով պայմանավորված, մի փոքր կնվազի, բայց քանի որ նոյեմբերի 17–ին ցերեկային ժամերին կրկին ակտիվանալու են հարավ–արևմտյան տաք օդային հոսանքները, այն նորից կբարձրանա», – նշել է նա։

