Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում․ սպասվում է ինտենսիվ ձյուն, ձնախառն անձրև
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև։
Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի երեկոյան, 10-ին, 12-ին սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-12-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

