Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ռազմական դրության պայմաններում իշխանությունների կողմից լրատվամիջոցների վրա սահմանափակումների կիրառումը

13.10.2020, 01:24
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ռազմական դրության պայմաններում իշխանությունների կողմից լրատվամիջոցների վրա սահմանափակումների կիրառումը
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ռազմական դրության պայմաններում իշխանությունների կողմից լրատվամիջոցների վրա սահմանափակումների կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ժուռնալիստների միությունը և լրատվամիջոցները խստորեն դատապարտում են «Ռազմական դրության մասին իրավակն ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու՝ իշխանությունների որոշումը՝ նշելով, որ այդ փոփոխությունները լուրջ սպառնալիք են խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվության հասանելիության և հանրային շահի համար։

«Մենք կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին, հստակեցնել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման հստակ կանոնները, որոնց խախտման դեպքում սահմանվել են տուգանքներ»,- ասվում է միության տարածած հաղորդագրության մեջ։ 

2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։

Ժուռնալիստներ միությունն ընդգծում է, որ լրատվամիջոցները հստակ պետք է տեղեկացվեն այդ կանոնների մանրամասներին, որպեսզի հնարավոր խախտումը կանխվի, և ոչ թե՝ հրապարակվելուց հետո լրատվամիջոցը ենթարկվի պատասխանատվության։ Այլապես իրավապահ մարմինների կողմից լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումները և այցելությունները (այդ թվում՝ առանց զգուշացման) խտրական և կամայական մոտեցումների տպավորություն են թողնում, հատկապես, երբ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր լրատվամիջոցների նկատմամբ։

Նշվում է, որ փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։ 

«ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի իմաստով ռազմական դրության ժամանակ թույլատրելի են հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ։

Միությունը նշել է, որ գործող իշխանությունների կողմից վերոհիշյալ փոփոխություններն անհամաչափ կերպով սահմանափակում են կարծիքի արտահայտման ազատությունը, զրկում քաղաքացիներին հանրային մեծ կարևորություն և հետաքրքրություն ներկայացնող ազգային անվտանգության հարցերի շուրջ կարծիք արտահայտելու և տեղեկատվություն ստանալու իրավունքից՝ միաժամանակ հակասելով պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական պետությունների մոտեցումներին։ 

«Իշխանությունները ոչ միայն չեն ներկայացրել այս փոփոխությունների համար հիմնավոր պատճառներ, այլև տպավորություն կարող է ստեղծվել, թե այն գործի է դրվում բոլորովին այլ նպատակներով»,- ասվում է միության հաղորդագրության մեջ։-0-