Հայաստանը ներդնում է նոր կենսաչափական փաստաթղթեր. ի՞նչ փոփոխություններ են սպասվում ՀՀ քաղաքացիներին և օտարերկրացիներին (ՎԻԴԵՈ)

21.01.2026, 19:37
Նոր կենսաչափական փաստաթղթեր Հայաստանում․ ի՞նչ է սպասվում հայաստանցիներին և օտարերկրացիներին․ ՎԻԴԵՈ
Հայաստանը ներդնում է նոր կենսաչափական փաստաթղթեր. ի՞նչ փոփոխություններ են սպասվում ՀՀ քաղաքացիներին և օտարերկրացիներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում էր։

Այցի առանցքում Հայաստանի համար նախատեսված նոր կենսաչափական փաստաթղթերի արտադրության և հաստատման գործընթացն էր, հայտնում է ՆԳՆ-ը։ 

Դավթյանը «IN Groupe» ընկերության գրասենյակում հանդիպել է արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, դիզայներների և մասնագետների հետ, որտեղ ներկայումս տպագրվում և հաստատվում են նոր փաստաթղթերի առաջին օրինակները։ 

Նոր փաստաթղթերը վերաբերում են այն խմբերին, որոնց համար մինչև այսօր միասնական և գործնականում կիրառվող փաստաթղթային լուծումներ չեն եղել։ 

Քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականների համար կներդրվեն նույնականացման քարտեր, որոնք հարմարավետ կլինեն հանրապետության տարածքում օգտագործելու համար՝ ստեղծելով հնարավորություն պարտադրված չլինել անձնագիր կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանա՝ լսահման հատելու անհրաժեշտություն չունենալու դեպքում։ 

ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական առաքելություն իրականացնողներին կտրամադրվեն պոլիկարբոնատից պատրաստված կենսաչափական փաստաթղթեր, որոնք համապատասխանելու են միջազգային չափանիշներին։ 

Այցի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրին վերաբերող հիմնական փուլերը՝ շապիկից մինչև տվյալների և վիզա էջերի հաստատում, ինչպես նաև «բոլորը մեկում» ինքնասպասարկման համակարգի ներդրման գործընթացը։ 

Ծառայության պետը հայտնել է, որ ստեղծվելու է այնպիսի փաստաթուղթ և այն տրամադրվելու է այնպիսի ստանդարտներով ու մեխանիզմներով, որոնց դեպքում փաստաթղթի կեղծման կամ իրավական ինքնության գողության հնարավորությունները կլինեն զրոյին մոտ՝ ընդգծելով, որ ներկայումս կիրառվող համակարգը բավականին խոցելի է։ 

Նրա խոսքով՝ պետությունը շարունակելու է պահպանել որոշումների կայացման բացառիկ լիազորությունը, և մասնավոր գործընկերը իրավասու չի լինի որևէ անձից հավաքել կենսաչափական տվյալներ կամ տրամադրել որևէ փաստաթուղթ, քանի դեռ պետական լիազոր մարմնի կողմից դիմումը չի հաստատվել։ 

Դավթյանն ընդգծել է, որ հաստատման գործընթացը բազմաստիճան է և խիստ վերահսկվող, քանի որ յուրաքանչյուր տարր անցնում է լաբորատոր ստուգում՝ երանգավորումից մինչև ուլտրամանուշակագույն անվտանգային պաշտպանություն։