Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում

24.06.2025, 11:23
ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում
Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։ Օլիմպիադան, որն անցկացվել է անգլերենով, բաղկացած էր երեք փուլից՝ տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային։

Հայաստանի 6 հոգանոց թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 5 և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 1 աշակերտներ: Նրանք արժանացել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների:

Արծաթե մեդալի են արժանացել Անտոնյան Հայկը և Սաթի Հայրապետյանը «Քվանտ» վարժարանից։

Բրոնզե մեդալի են արժանացել Խաչատրյան Սամվելը՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից, Հարությունյան Էրիկան և Պողոսյան Նարեն «Քվանտ» վարժարանից։

Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, Քվանտ վարժարան)։

Օլիմպիադայի առցանց ձևաչափի անցկացման կազմակերպչական հարցերը հոգացել է «Քվանտ» վարժարանը։