Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով (ՖՈՏՈ)

10.11.2025, 12:34
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ. ՖՈՏՈ
Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Զաքարյանին պատկանող Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ կասեցման հիմքը ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրությունն է առ այն, որ այս արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝

-արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը,

- չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներ,

-փայտե հատակի և մրոտ պատերի ոչ նորոգ վիճակում լինելը խոչընդոտել է դրանք հեշտությամբ ախտահանելուն,

- առաստաղի ոչ նորոգ լինելու պատճառով՝ առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,

- բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

- որոշ դռներ պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,

- սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,

-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաները պատշաճ ախտահանված չեն եղել:

Նշվում է, որ խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: