Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևում բավականին խորը պատռվածք է եղել․ բժիշկը՝ Երևանում հղի կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին

14.05.2025, 14:57
Ոնց որ Բարձյալի հրաշքը լինի, որ կինը և նորածինը փրկվել են, նշել է «Էրեբունի» ծննդատան տնօրենը
Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևում բավականին խորը պատռվածք է եղել․ բժիշկը՝ Երևանում հղի կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 45 տարվա ընթացքում չեմ տեսել այսպիսի դեպք, որ հղի կինը բնության աղետի հետևանքով այսպիսի վնասվածք ստանա, ասել է «Էրեբունի» ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը՝ մեկնաբանելով օրեր առաջ ուժեղ քամու հետևանքով տեղի ունեցած արտակարգ միջադեպը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ։ Պարզվոլ է, որ ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով։ Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

«Ոնց որ Բարձյալի հրաշքը լինի, որ կինը և նորածինը փրկվել են։ Հղի կինը տեղափոխվել է սեփական տրանսպորտով, ընդամենը 2–3 րորպեում բոլոր մասնագետները պատրաստվել են վիրահատության։ Վիրահատության ընթացքում կտրվածքը շատ ճիշտ է արվել, որովհետև հիմնական խնդիրը եղել է արգանդի թափանցող վնասվածքը», – նշել է բժիշկն այսօր ԲԿ–ում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

Նա ավելացրել է, որ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը պատռվածք է եղել։

«Նորածնի մոտ հնարավոր էր գանգոսկրի կոտրվածք, արյունազեղում ուղեղում, այդ պատճառով նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բոլոր հետազոտությունները կատարվել են, նորածնի վիճակը լավ է», – նշել է Պողոսյանը։