Հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ TRIPP-ի իրականացումը․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով։
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրման առթիվ: Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) իրականացումը», - նշել է Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարն ընգծել է, որ Միացյալ Նահանգներն անհամբեր սպասում է համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար:
ՀՀ ԱԺ ընտրությունների մասին
Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։
ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։

