Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

08.11.2025, 11:55
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը  հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.   ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը:

«Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները»,-հայտնել է նա սոցցանցի իր էջում՝ ընդգծելով, որ մեղադրանքը չի ընդունում։

Վահան Քերոբյանի քրեական գործի մասին

Նոյեմբերի 7-ին ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Այս մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները՝ նշելով նաև, որ Քերոբյանի ձերբակալությունը կապված է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հետ:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ հանցավոր կազմակերպության անդամները 2008-2014 թվականներին հափշտակել են Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Նախաձեռնված քրվարույթի շրջանակում 7 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը Վահան Քերոբյանն էր։

Այնուհետև ՔԿ-ն հայտնել է, որ հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ։ Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Քերոբյանի փաստաբան Տիգրան Եղոյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը չի ճանաչում մեղքը։ Փաստաբանի հաղորդմամբ, Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Հիշեցնենք, որ Քերոբյանը անցնում է նաև մեկ այլ գործով, մեղադրվում նախարար աշխատած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նշենք նաև, որ Վահան Քերոբյանը զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը 2021–2024թթ․–ին։