Գյումրու քաղաքապետի մեքենան հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխվել. ՆԳՆ

07.10.2025, 14:26
Գյումրու քաղաքապետարանը հայտնել էր, որ  քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան փորձել են քարշակել ոստիկանության կողմից
Գյումրու քաղաքապետի մեքենան հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխվել. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գյումրու քաղաքապետարանը Facebook-ի իր էջում հայտարարություն էր տարածել այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան փորձել են քարշակել ոստիկանության կողմից։

Նաև նշվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր և չի կարող շահագործվել։

«Ոստիկանության ներկայացուցիչների հավաստմամբ՝ մեքենան զրահապատ է և ենթակա չէ շահագործման սահմանված կարգով, ինչի հիման վրա նրանք պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին»,-նշված էր քաղաքապետարանի  հայտարարության տեքստում։

Դեպքի առնչությամբ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը հարցում է ուղարկել ՆԳՆ։

«Մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար»,-«Նովոստի-Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան ասացին ՆԳՆ-ից։

ՆԳՆ-ից տեղեկացրին նաև, որ մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել։