Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է.փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ 2025 թ.-ի նոյեմբերի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում»,-գրել է Փոստանջյանը։
Նա նշել է նաև, որ Ղուկասյանի առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։
Վարդան Ղուկասյանի կալանքի մասին
Հոկտեմբերի 21-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով։
Հոկտեմբերի 20–ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հարությունյանը հայտարարել է, որ նա մեղադրանքը չի ընդունում։

