Գյումրիում պատարագ մատուցելը որևէ մեկի կողմից «կնշանակի, որ առաջնորդանիստը բռնազավթված է». Շիրակի թեմի հոգևորականներ

06.12.2025, 13:41
Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել, որի ներքո ստորագրել են 29 հոգևորականներ
Գյումրիում պատարագ մատուցելը որևէ մեկի կողմից «կնշանակի, որ առաջնորդանիստը բռնազավթված է». Շիրակի թեմի հոգևորականներ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/.   Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել, որի ներքո ստորագրել են 29 հոգևորականներ։ Նրանք հայտնել են իրենց նվիրվածությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գյումրու Յոթ Վերք եկեղեցում թեմի հոգևորականներից որևէ մեկի Պատարագի մատուցման անթույլատրելիության մասին։

«Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները»,-նշվում է հայտարարության տեքստում։

Հոգևորականներն ընդգծել են, որ եթե, բացի իրենց թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, «դա կնշանակի, որ առաջնորդանիստը բռնազավթված է»։

«Սա կխոչընդոտի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը»,-նշված է հայտարարության մեջ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, կմասնակցի Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվող Պատարագին: Հոկտեմբերի 9-ից գործադիրի ղեկավարը մասնակցել է կիրակնօրյա պատարագի Հայաստանի տարբեր եկեղեցիներում: Անցած կիրակի Փաշինյանը մասնակցել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին: Քահանան պատարագի ժամանակ չի հիշատակել Գարեգին Բ Կաթողիկոսին: Ընդդիմադիր ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը հիշատակել է նրա անունը, որից հետո նրան բռնի կերպով հեռացրել են եկեղեցուց։


Եկեղացականների հայտարարության մասին

 Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ հայտարարություն են տարածել՝ իրենց բողոքն արտահայտելով այն հանգամանքի առնչությամբ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել։  «Հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին Կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ և իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» Հայ Եկեղեցին առաջնորդելու։ Նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։  

 Այսու դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, Եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝ միանալու աշխարհասփյուռ հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին՝ խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։    Հայտարարության տակ ստորագրել են Տ. Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկտրչյանը, Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։