«Գլուխդ պատով տվեցիր»․ ԱԺ–ում այսօր կրկին թեժ էր

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երկուշաբթի ԱԺ նիստի ժամանակ բանավեճ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի միջև։
Մանուկյանը, մասնավորապես, իր ելույթում հարց ուղղեց. «1998 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլի միջոցն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում»:
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր տեղից ասաց. «Դաշնակցական»։
Գեղամ Մանուկյանը ճշտեց, թե ո՞վ նման բան ասաց դահլիճից։
Վահագն Ալեսանյանը ասաց, որ ինքն է։
«Գլուխդ պատով տվեցիր... «Հայկական ժամանակ»-ը, Նիկոլ Փաշինյանը, գնացեք մի հատ այդ ժամանակահատվածի մամուլը նայեք»,- հայտարարեց Մանուկյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին Մանուկյանին ասաց. «Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու։ Եթե ձեր ամեն սուտ խոսելու ժամանակ ասեի՝ գլուխդ պատով ես տվել, գլուխ չէր մնա։ Դուք վիրավորանքների ու իրավիճակը լարելու չեմպիոն եք։ Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել»։
Դահլիճում իրավիճակը լարվեց։
«Սպառնո՞ւմ ես ինձ... էդ ո՞վ ասեց՝ հա։ Գլուխներդ պատով եք տվել բոլորդ, ով կարա իրեն թույլ տա սպառնալ»,- ասաց Սիմոնյանը։
Մանուկյանը որոշեց հեռանալ դահլիճից։
«Խնդրո՛ւմ եմ, նստիր ու լսի՛ր»,- դիմելով Մանուկյանին՝ ասաց ԱԺ նախագահը:
Մանուկյանը, սակայն, լքեց ԱԺ նիստերի դահլիճը: ։
Սիմոնյանը նախկին իշխանություններին՝ Դաշնակցությանն ու ՀՀԿ-ին մեղադրեց վերջին 30 տարիների ընթացքում տարբեր հանցագործությունների և կեղծիքների մեջ։
Նրա խոսքով, առաջին անգամ ընտրված ներկայիս իշխանությունը փորձում է փրկել իրավիճակը, սակայն այս պահին ներսում սկսում է գործել հինգերորդ շարասյունը։ Սիմոնյանը մեղադրեց քաղաքական ընդդիմախոսներին, որոնք հայրենասիրական կարգախոսներով փորձում են քանդել պետությունը, քանդել պետականությունը, Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ և փոխել իշխանությունը, որպեսզի նոր խամաճիկ իշխանությունը նորից «պարի ուրիշի դուդուկի տակ»։